«Իմ գործերի կողքով անցնելիս հետաքրքիր մի զգացողություն եմ ունենում: Դրանք այլևս իմը չեն, այլ ժողովրդինը»:
Արա ՇԻՐԱԶ
Մարտի 18-ի գիշերը «Նաիրի» բժշկական կենտրոնում ծանր հիվանդությունից հետո վախճանվեց սիրված քանդակագործ, ժողովրդական նկարիչ ԱՐԱ ՇԻՐԱԶԸ:
«Կյանքից հեռացավ մեր մեծ արվեստագետներից մեկը, ով իր սերնդի վերջին ներկայացուցիչներից էր ու մեծ արժեք է թողել մշակույթի աշխարհում»,- «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը` վկայակոչելով հուշարձանները, որ տեղադրված են Երևանում և Հայաստանի այլ վայրերում: Նկատեց նաև, որ Արա Շիրազն ամբողջ կյանքը նվիրել է իր սիրած գործին` քանդակագործությանը. «Ափսոսում եմ, որ հեռանում են մեր մեծերը և նրանց տեղը թափուր է մնում: Կարծես թե չկան նոր անուններ: Կամ գուցե մենք չենք կարողանում նկատել»: Կարեն Աղամյանի բնորոշմամբ` մեծ արվեստագետի կյանքը շարունակվում է իր գործերում ու հավերժ կմնա հայ մշակույթի պատմության մեջ:
Արա Շիրազը՝ Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի որդին, ծնվել է 1941-ի հունիսի 8-ին, Երևանում: Նրա աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Մոնրեալում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում և այլուր: Հեղինակ է մեծ թվով քանդակների` «Պարույր Սևակ», «Եղիշե Չարենց», «Ալեքսանդր Մյասնիկյան», «Հովհաննես Շիրազ», «Վազգեն Առաջին» և այլն: Գործերի մեծ մասը պահպանվում է Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում և Երևանի ազգային պատկերասրահում:
Քանդակագործի աճյունը կամփոփվի Երևանի քաղաքային պանթեոնում: Արվեստասեր հասարակությունը նրան իր վերջին հրաժեշտը կտա մարտի 22-ին, ժամը 12:00-14:00՝ Հայաստանի նկարիչների միության շենքում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ